Իտալիայի շունչը Ժամանակակից արվեստի թանգարանում
21.01.2020 | 01:15
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ հանրահայտ իտալացի նկարիչ Կառլո Մոնտարսոլոյի կտավների «Լույս, ձայն, գույն» խորագիրը կրող ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպել է «Մոնտարսոլո» ընկերակցությունը` ՀՀ- ում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանավորությամբ:
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ասաց, որ մեր օրերում մշակութային դիվանագիտությունը շատ մեծ դեր ունի երկրների և ժողովուրդների մերձեցման գործում: Նա կարծում է, որ մենք ևս հնարավորություն կունենանք Իտալիայում ներկայացնելու հայ արվեստագետներին, Հայաստանում կշարունակենք ներկայացնել Իտալիայի արվեստագետներին: ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ասաց, որ Կառլո Մոնտարսոլոյի արվեստը կարևոր տեղ է գրավում 20-րդ դարի արվեստում, նշեց նաև, որ նկարիչը կարողացել է գույնը, լույսը, ձայնը ներդաշնակ կերպով ներկայացնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ի լրումն նկատեց, որ քաղաքական գործիչները ևս կարող են այդպես վարվել և դա կլինի լավագույն դիվանագիտությունը. «Ժամանակակից արվեստը շատ հետաքրքիր է, ընդհանրապես, լավ է ծանոթ լինել այսօր ապրող կամ մեզնից ոչ վաղուց հեռացած արվեստագետների ստեղծագործություններին և ընդհանրություններ փնտրել անտիկ արվեստի հետ: Ենթադրում ենք, որ իր հայրենի բնաշխարհը ՝ «կատաղած» Վեզուվը և հրաշք Միջերկրականը իրենց ազդեցությունն են թողել նկարչի վրա և ձևավորել նրա աշխարհայացքը»: Նախարարի տեղակալն ընդգծեց նաև, որ փոխադարձ այցելություններից նոր ծրագրեր կծնվեն:
Նկարչի գործերը, որոնք ցուցադրվում են ժամանակակից արվեստի թանգարանում, «Մոնտարսոլո» ընկերակցության արխիվային հավաքածուի մաս են կազմում:
«Նշաններ և հնչյուններ», «Ծով, ալիքներ, ամպեր, քամի», «Սաղարթներ» և «Վեզուվյան լավաներ» շարքերը բնութագրում են նկարչի ավելի քան հիսուն տարվա գործունեությունը:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ